Խորհրդածություն հայկական հարցի վրա

.

Հողմերի առջև ցըրված, հալածված,
Քարեքար զարկված, տանջված ու հյուծված
Ի՞նչ է ուզում նա դալուկ շրթունքով,
Անվերջ բողոքով, անզոր խնդիրքով.
Իր փա՞ռքն է ուզում, թե թագն ու գահո՞ւյք…
— Իր կյանքն է ուզում, իր պատիվն, իր գույք:

Ո՛վ, ամո՛թ, ամո՛թ… ամո՛թ ամենքին,
Ամո՛թ և մարդուն և ժամանակին:
Շունն էլ չըպիտի էն խընդրեր շանից,
Ինչ մարդն է խնդրում իրեն նմանից
էս առատ-արձակ աշխարհքի միջին —
Իր կայնքն, իր պատիվն, իր գույքը չընչին…

Ափսո՛ս էն պայծառ, պարզ արեգակին,
Ափսո՛ս էն զառվառ ծըլին ու ծաղկին,
Ափսո՛ս աստղերին, ծովին ալեծուփ,
Ափսո՛ս դաշտերին, լերանց երկնահուպ.
Ինչպե՛ս սըրանց մեջ ծընան հըրեշներ
Էսքա՛ն մարդատյաց, անխիղճ ու անսեր…

Ո՜չ, հանգի՛ստ, հոգի՜ս, իզուր չի ոչինչ.
Ո՜չ ծիլ ու ծաղիկ, ո՜չ արևը ջինջ,
Ո՜չ խոսքն հանճարեղ, ո՜չ երգը քնքույշ:
Կա մեծ ու զըվարթ իմաստուն մի ույժ,
Որ Մութն աշխարհքից տանում է մարդուն
Դեպի Լույս աշխարհք, սեր, եղբայրություն…

Ամեն մի չարիք ունի իրեն վերջ
Ու կա հատուցում ամեն գործի մեջ.
Կա մխիթարանք տառապող հոգուն,
Լացող աչքերին կա հանգիստ ու քուն,
Եվ դարձ կա նըրան, որ վառեց խարույկ,
Խըլեց ուրիշից կյանք, պատիվ ու գույք:

1913

Թողնել Մեկնաբանություն

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>