Մարգարե

.

Երբ որ վեհության կնիքը ճակատին
Եվ ճշմարտության սուրբ պատգամներով
Նա հայտնվեցավ մոլար աշխարքին
Եվ դարձ քարոզեց հրաթափ լեզվով,

Նրա աստվածային ձայնից սարսափած
Գիշերատեսիլ մարդիկ հուզվեցին,
Իրանց սեղանից վեր կացան հարբած,
Մոլեգնության մեջ աղաղակեցին.

Ո՞վ ես դուն, արի՜, այս մեր հանցավոր
Ուրախությանը մասնակից եղիր,
Կամ թո՜ղ վայելենք մեր կյանքն անցավոր.
Թե չէ՝ խիստ պատժի քարերից փախիր:

Սակայն անվհատ նա հառաջ գնաց
Անուշադիր յուր անձի վնասին,
Մոլորությունը ներելով մարդկանց՝
Հոգ տարավ նրանց փրկության մասին:

Եվ երբ որ լուսո նա ջահը ձեռքին
Մոտեցավ կորստյան փոսի եզերքին,
Ապերախտ ձեռքով ամբոխը խավար
Զարկեց, խորտակեց ջահը փրկարար:

ժամանակ անցավ. թշվառ ամբոխին
Արդեն փորձանքը վրա էր հասած,
Երբ ուշքի եկավ, վայ տվեց գլխին. —
«Նա մարգարե էր, նա իրավ ասաց»:
Մայիսի 1.
1890

Կարդալ ամբողջությամբ

Խորհրդածություն

Ո՞րն է դրախտը, — վայրն երանավետ,
Ուր պիտի ապրեմ գերեզմանից ետ.
Մի՞թե մարդկային տառապած կյանքը
Չըստեղծեց այն սուտ մխիթարանքը.
Եվ մի՞թե նորա մահից սարսափած
Ագահությունը չէ իրան խաբած…
Սակայն բարի է. — մի տանջված արդար,
Կամ իրան արդար համարող մի չար
Երկրային կյանքի վերջին վայրկյանին
Հանգիստ ու խաղաղ կավանդե հոգին,
Համաձայն իրան ճաշակի, կամքի,
Վայելքն հիշելով խոստացյալ կյանքի.
Եվ ահա միակ, բայց մեծ օգուտը,
Որ մարդկությանը տվեց այս սուտը:
Ա՞յս է մեր կյանքը. — լոկ խաբեություն.
Ո՛հ, մի՞թե և ես, ինչպես մի հնչյուն,
Այս իմ հույսերիս, ձգտումներիս հետ
Պիտի մեռանիմ, չքանամ անհետ…
Չէ՜, սիրելի է խոստումն երկնքի —
Հույսն հավերժական, անվախճան կյանքի.
Հեռո՜ւ ինձանից, հոգեմաշ կասկած,
Ողջույն քեզ, ողջո՛ւյն, ո՜վ կյանքի աստված.
Արի՜, հայտնվի՜ր, նշկահիր մահու
Տարակուսանաց տագնապն ահարկու
Եվ կույր հավատով զորացրու հոգիս —
Անմահություն տուր լքացած կյանքիս…
Բայց ի՞նչպես պիտի կյանք առնեմ կրկին,
Արդյոք լուսակազմ, աննյութ, անմարմին
Պիտի սավառնեմ անծայր եթերքում,
Թե՞ իբրև մի հունչ շրջեմ աշխարքում,
Թե՞ անփույթ, անգործ թափառեմ պիտի
Մարդոց աչքերին անտեսանելի,
Թե՞ ամպերի մեջ պիտի ես հանգչեմ
Եվ ոտքիս տակից կայծակներ իջնեն…
Օ՛, ներիր, աստված՝ ծածկագետ, անհուն,
Ներիր մեծամիտ, գոռոզ պատանուն.
Աննշան ճճիս չարաչար մեղա,–
Հանդուգն խորհրդով խորամուխ եղա,
Ձգտեցի պարզել քո աստվածային
Անհասանելի, անմեկին գաղտնին:
Ապրիլ.
1890

Կարդալ ամբողջությամբ

Շատերի նման

Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
Փոքրոգությանն եք պարսավում նրա:
Լռեցե՜ք, եղբարք, ի՞նչ գիտեք, ի՜նչ ցավ
Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ:

Տեսե՜ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
Մոլոր շրջում է սգվորի նման.
Բայց նրա մասին մի դատեք, երբ որ
Չգիտեք ինչն է կորացրել նրան:

Ահա, վարում են մյուսին պատժարան,
Օ՛, մի՜ անվանեք նրան չարագործ.
Ի՞նչ գիտեք, գուցե մի միտք երկնարժան
Այս օրին մատնեց այդ մարդուն անփորձ:

Եվ դուք ի՞նչ գիտեք, թե երգիչն ուրախ,
Որ ձեզ համար միշտ երգեր է երգում,
Քարասիրտ մարդկանց ծաղրանքից ծածկած
Ի՜նչ ցավեր ունի յուր սրտի խորքում:
Ապրիլի 22.
1890

Կարդալ ամբողջությամբ

Պանդուխտն երգեց օտար երկրում

Պանդուխտն երգեց օտար երկրում
Եվ սրտաբեկ հոգվոց քաշեց,
Երբ որ տխուր յուր երգերում
Անցած ուրախ օրերն հիշեց:

Մարմնով տկար, հոգով տխուր
Շուրջը նայեց, մեկը չըկար,
Որ տար գեթ մի բաժակ ցուրտ ջուր, —
Ողբաց պանդուխտն անմխիթար:

Եվ նա խնդրեց անժամանակ
Հանգստության լուռ գերեզման,
Անհույս երգեց վերջին նվագ, —
«Արի՜ , չարքաշ կյանքիս վախճան.

Էլ ույժ չըկա. — բարյավ մնաք,
Դուք սև օրեր պանդխտության,
Դուն, հայրական հեռու տնակ,
Եվ երազներ պատանեկան:

Իսկ դուն արի՜, քաղցր հիշատակ,
Կորցրած սիրո, վայելչության,
Արի ինձ հետ իբրև սփոփանք
Գերեզմանիս լուռ տխրության»:

Մեռավ պանդուխտն. բարյավ մնաք…
Գիտեք, որքան ձեզնից թաքուն
Խեղճը հեծեց, ողբաց մենակ…
Գեթ ողորմի տվեք հոգուն:
Ապրիլի 2.
1890

Կարդալ ամբողջությամբ

Եթե իմ վերջին հայացքը մնա

Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կոծում ինձ համար.

Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,-
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հուսով ապահով:

Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը:
Ապրիլի 1.
1890

Կարդալ ամբողջությամբ

Այդ ի՛նչ սրտամաշ տխրություն է քեզ Պատել

Այդ ի՛նչ սրտամաշ տխրություն է քեզ
Պատել, հայրենի գեղեցիկ աշխարհ.
Մինչև ե՞րբ պիտի չարչարվես այդպես
Տառապանքներով, առանց մխիթար…

Իմ հայրենիքս տխուր է, տխուր…
Ուր աչք եմ դարձնում՝ տխուր ավերակ,
Ամեն տեղ միայն, միայն ցավալուր
Հեծության ձայներ, երկչոտ աղաղակ:

Թե երկրագործն է հորովել կանչում,
Թե մայրը որդուն օրորք է ասում,
Թե հովիվն իրան սրինգը հնչում,
Մի հուսակտուր հառաչ եմ լսում:

Աշխարհից, մարդուց հույսերը կտրած
Գանգատվում է նա և ցավից տնքում,
Կյանքիցը զզված, սակայն դեռ չապրած,
Հանգիստ է խնդրում հեռո՛ւ, երկնքում…

Մի՞թե տրտմության թախիծըն այդպես
Խեղդեց նրա մեջ ապրելու հույսը.
Մի՞թե այլևս նա չէ երգելու
Իրան պապերի երգած խրախույսը:

Մինչև ե՞րբ պիտի մարդիկ կատաղի
Արցունքովն հայի կերածը թրջեն,
Եվ երկա՞ր պիտի մեռելաթաղի
Տաղերով ագահ ցերբերներ շրջեն…

Մի՞թե դեռևս անսիրտ հագարը
Այն ավերակաց վերա պիտ իշխե,
Անարգե, պղծե մեր սուրբ տաճարը,
Անարժաններին շնորհներ բաշխե…

Եվ չարագուշակ մտքերով հուզված
Քաշվում, մտնում եմ մի խաղաղ անկյուն.
Եվ երկար անշարժ ու խորասուզված
Հածում եմ նրա ցավերում անհուն:

Ավելի խորը, ավելի հեռու
Միտքս ինձ առնում, թռցնում, տանում է.
Թռչում է հանկարծ մի ծանր հառաչանք,
Եվ սիրտս կարծես հանգստանում է:
1890

Կարդալ ամբողջությամբ

Ես նայում եմ

Ես նայում եմ. իմ առջև
Ահա տիրոջ աշխարքը.
Բերրի դաշտերը մինչև
Հեռու լերանց այն շարքը

Լայնարձակ, դալարագեղ
Տարածվում են և կորչում
Մշուշի մեջ, իսկ այնտեղ
Ճոխ անտառն է կանաչում:

Ուր որ ազատ շրջելով
Ապրում են երե, գազան,
Եվ թռչունքը ճախրելով
Երգ են ասում գոհության:

Ահա, շքեղ դաշտի միջով
Գալարվում է և անցնում
Հանդարտ գետը մրմունջով.
Հեռո՛ւ, հեռու է գնում:

Նրա դալար ափերում
Մինը հազար է բերում.
Սակայն ահա, մյուս կողմում
Կապույտ ծովն է մեղմ ծփում:

Ինչքա՛ն ճոխ է, հրաշալի
Այս աշխարհը լայն, արձակ,
Ամեն մի շունչ աչքը լի
Կապրի այստեղ համարձակ:

Ես նայում եմ, և մի միտք
Հղանում է ինձանում.
Ինչո՞ւ համար են մարդիկ
Իրար զրկում, սպանում:

1889

Կարդալ ամբողջությամբ

Նախերգանք

Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Եվ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:

Ձե՛զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:

Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՛ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ, չէիր ինձ հանգիստ տալիս՝
Սըրտիս ականջին խոսելով թաքուն…

Ո՛վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՛ք իմ հեգ:

Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:

Ձորե՛ր, ա՛յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Քեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:

Դուք էլ խոսեցե՛ք, դուք էլ պատմեցե՛ք,
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՛ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր…
1890

Կարդալ ամբողջությամբ

Ների՜ր, ո՜վ կույս

Ների՜ր, ո՜վ կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան:

Այն մի անմեղ խաղ էր, հոգի՜ս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի:

Ես գուշակել չըկարացի
Կյանքի վճիռն անարդար,
Անգիտությամբ ես հարուցի
Այդ փոթորիկն անդադար:

Ների՛ր, ո՜վ կույս, բուռն եռմունքին
Պատանեկան կրքերի,
Ների՜ր, հոգիս, որ մատնեցին
Քնքուշ սիրտդ վշտերի:
1889

Կարդալ ամբողջությամբ

Մանկություն

Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
Հաճախ, մանկության, խռոված հոգուս
Ներկայանում ես ինչպես առավոտ:

Եվ մանկան նման արտասվում եմ ես,
Երբ այս օրերում, չարությամբ լցված,
Քեզ, սուրբ մանկության, հիշում եմ ինչպես
Երազի տեսիլք անհետ չըքացած:

Ինչպես արևի ճաճանչը վերջին
Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
Այնպես շողացիր և անցար կրկին,
Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար:

Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
Դառնալ քո գիրկը… ա՜խ, ի՞նչ եմ ասում,
Այդ անհնար է. — արդեն հանդերձյալ
Կյանքի ճամփան է իմ առջև բացվում:

Բայց մինչև այնտեղ, սոսկալի՛ ուղի,
Ահա բռնություն, պատիվ անարգած,
Ահա հառաչանք, արտասուք աղի,
Ահա սև նախանձ և սեր սակարկած…

Կըմեռնեմ և ես այս ցավերի տակ
Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ:

Մի տխրատեսիլ գուցե գերեզման
Անցվորականից խնդրե մի բերան
Ողորմի ասել… ո՞վ գիտե, և այն
Կըլինի՞ արդյոք, կընայե՞ն նորան…
1889

Կարդալ ամբողջությամբ