աղջիկ tagged posts

Պոետն ու Մուսան

.

Նըստած եմ մի օր ու միտք եմ անում.
Միտք եմ անում, մի~տք, ու չեմ կարենում
Մի հընար գըտնեմ` ցավերըս հոգամ…
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գըլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը:
-Ողջու~յն Պառնասի գըլխից սըրբազան…
Ետ նայեմ տեսնեմ` իմ ծանոթ Մուսան:
-Վե՛ր կաց, բանաստեղծ, կանչում է էսպես,
Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես,
Տանջվում են ահա եղբայրքըդ թըշվառ,
Հեծում, հալածվում աշխարհից աշխարհ:
Երկինք են հասել արցունք ու արյուն…
Ահա` քեզ համար բերել եմ ավյուն,
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին:
Նայիր` աղջիկը ի~նչպես ծաղկել է,
Աչքերի մըթնից պայծառ ծագել է
Կյանքի արևը ու սիրտ է հուզում,
Անձնըվեր սիրո երգեր է ուզում…
Ուրախ ու անհոգ գարունն էլ ահա
Բազմել է կանաչ սարերի վըրա,
Ձորերը լըցվել, փըռվել հովիտում.
Հավքերն երգում են, ծաղկունքը փըթթում…

Կարդալ ամբողջությամբ

Ինչո՞ւ այդպես

— Ինչո՞ւ այդպես ինձ մոռացար
Ասավ աղջիկն ինձ մի օր:
— Ինչո՞ւ այդպես մեզ մոռացար,
Գանգատվեցին սար ու ձոր:

— Ո՛հ, մի՜ հարցնեք, հին ընկերնե՜ր,
Ինչու էլ չեմ երգում ձեզ.
Շատ եմ փոխվել այն օրից վեր,
Այնպես մի ցա՛վ ունեմ ես…

— Ի՞նչ է ցավըդ, մի ճար անենք,
Ասավ աղջիկն անձնըվեր.
— Ի՞նչ է ցավըդ, տո՜ւր մենք տանենք,
Ասին սարերն ու ձորեր:

Ո՛հ, չէ, սիրո՜ւն, էլ ոչ մի սեր
Ճար չի անի իմ սըրտին,
Դուք էլ, անուշ սար ու ձորեր,
Չեք դիմանա էս դարդին:

Ա՛խ, իմ դարդը… Բայց ո՞նց անեմ,
Որ իմ դարդը իմանաք.
Սիրտըս խորն է, թե բաց անեմ,
Սիրտըս խորն է, լեզուս՝ փակ…
1900

Կարդալ ամբողջությամբ

Անխելք մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.
— Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,— հարցրեց գայլը։
«Գնում եմ աստծու մոտ,— պատասխանեց աղքատը,— դարդ ունեմ ասելու»։
— Դե որ գնաս աստծու մոտ,— խնդրեց գայլը,— ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
«Լա՛վ»,— ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։
— Ո՞ւր ես գնում, ախպեր,— հարցրեց աղջիկը։
«Գնում եմ աստծու մոտ»։
— Երբ որ աստծուն տեսնես,— աղաչեց սիրուն աղջիկը,— ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
«Կասեմ»,— խոստացավ ճամփորդն ու գնաց, պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
— Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,— հարցրեց չոր ծառը։ «Գնում եմ աստծու մոտ»։
— Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,— խնդրեց չոր ծառը,— աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց մինչև, գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։ «Բարի օր»,— ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

Կարդալ ամբողջությամբ