ամպեր tagged posts

Կաքավի գովքը

.

(Ժողովրդական)

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լրցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Սաղմոս կասես ծաղիկներին,
Սարեր ձորեր զվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտս կըհանես.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:
1907

Կարդալ ամբողջությամբ

Առավոտ

Նվեր մեր նոր երիտասարդությանը

Սրտամաշ տաղտուկ ծանըր գիշերի…
Ահռելի սարսափ գիշակերների…
Թառանչում էի և լալահառաչ
Միմիայն արևի լույս էի խնդրում,
Երբ որ շողացին մի քանի ճաճանչ
Մութ հորիզոնի մռայլ ամպերում:

Առավոտն ահա՜, բացականչեցի,
Եվ թնդաց հոգիս, թեթև շնչեցի…
Ցանկալի կյանքի նշան ակներև. —
Պատառվեց ահա թանձր խավարը,
Օրը բացվում է և գլխիս վերև
Շառագունել է երկնակամարը…
Մարտի 12, 1892

Կարդալ ամբողջությամբ