անապատ tagged posts

Ընտրյալը

.

Հոգու սըրբազան կըրակով վառված՝
Իջնում էր Մովսես լեռան գագաթից,
Իջնում էր ահեղ պատգամներն առած՝
Շըղթայից հանող աստուծո մոտից:

Եվ մինչ կանխատես աչքովն իր հոգու
Տեսնում էր գալոցն իր ժողովըրդի,
Ու մինչ հրճվում էր… ահա ներքևից
Ձայներ բարկության ու խառն աղմուկի…

Եվ տեսավ Մովսես լեռան բարձունքից,
ժողովուրդն այնտեղ ներքև, հովիտում
Աստված է շինել ոսկուց, արծաթից,
Պարում է շուրջը ու հարբած գոռում.

— Ինչո՞ւ մեզ բերավ Մովսես անապատ,
Լի Եգիպտոսից ինչո՞ւ հանեց մեզ…
Ո՞ւր է մեր սըխտորն ու սոխը առատ…
Այնտեղ հանգիստ էր ու լիքն էր էնպես…

Գոռում է էսպես ու հարբած պարում:
Ու… սուրբ Սինայի մըռայլ ամպերում
Կանգնեց մարգարեն, նայեց դեպի վեր.
— Մի՞թե այս ամբոխն իմ եղբայրն է, տե՛ր…

Լսում եմ ձայնըդ լեռների գլխին,
Ծովեր եմ պատռում, անցնում անապատ,
Հըրեղեն սյունով տանում իր ուղին,
Նա մի՜շտ կասկածոտ, նա մի՜շտ հուսահատ…

Տանջանքի միջից նըկատում եմ ես
Երկիրն ավետյաց հեռո՛ւ մրշուշամ,
Իսկ նա փոքրոգի, կույր ու կարճատես,
Գերության սըխտորն ու սոխն է հիշում…

Եվ երբ ամպերում խոսում եմ քեզ հետ,
Քեզնից փըրկության պատգամ եմ բերում,
Նա այնտեղ ցածում մոլի՛, անհեթե՛թ
Ոսկի է պաշտում ու հարբած պարում…

Ինչո՞ւ են, աստվա՜ծ, քո վեհ պատգամներ,
Իմ տանջանքն ինչո՞ւ… Գոչեց զայրացած,
Ու մեծ խորհուրդի քարյա տախտակներ
ժայռերի գըլխից նետեց դեպի ցած…

Բայց… մյուս առավոտ, երբ որ դեռ քընած,
Հանգչում էր ամբոխն աղմուկից հոգնած,
Իր ցուպը ձեռքին բարձրանում էր նա
Դարձյալ միայնակ վե՛ր՝ դեպի Սինա:
1907

Կարդալ ամբողջությամբ

Քրիստոսն անապատում

Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա:

Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սեր — լույս ծավալի
Մարդկային կյանքի մութ անապատում:

Աչքի առաջև անց էին կենում
Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր…

Եվ անապատում, մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա…
Հունվարի 18, 1892

Կարդալ ամբողջությամբ