Թումանյան tagged posts

Հոգեհանգիստ

.

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:
— Հանգե՛ք, իմ որբե՛ր… իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…

— Հանգե՛ք, իմ որբե՛ր… իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…

1915

Կարդալ ամբողջությամբ

Հայրենիքիս հետ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց՝ կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՜վ գյուղերից, և՜ շեներից՝ տըխո՛ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՛ծ հայրենիք,
Զըրկվա՛ծ հայրենիք:

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՛ հայրենիք,
Որբի՛ հայրենիք:

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՛ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ.
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին —
Հույսի՛ հայրենիք,
Լույսի՛ հայրենիք:

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՛ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՛ր հայրենիք,
Հըզո՛ր հայրենիք…
Փետրվար.

1915

Կարդալ ամբողջությամբ

Թեպետև թախտը մեզ շատ հարվածեց

Թեպետև թախտը մեզ շատ հարվածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

Վկա է սակայն բովանդակ երկիր,
Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր —
Կենդանի է դեռ հայության ոգին:

Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
Առաջ են խաղում լուսավոր տենչով,
Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ
Հարազատ լեզվով, հայրենի շընչով:

Եվ իր փըլատակ տըների տակից
Ելնում է ահա հզոր ժողովուրդ,
Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ:

Ո՛վ դուք սրբազան Մասիս, Արագած,
Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,
Եվ, որ նրանցից վերև խոյացած
Փայլատակում եք լույս-պըսակներով —

Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,
Որ լցրիք հայոց աշխարհքն ու սրտեր
Լուսավոր կյանքի սիրով երջանիկ
Ու ձըգտում տըվիք — ձըգտել դեպի վեր,

Քանի որ դուք կաք, քանի կըմնաք,
Հոյակապ սյուներ հայության ոգու,
Մենք միշտ անսասան առաջ տի գնանք,
Ինչքան մեր ճամփան լինի ահարկու:

Եվ տոն կըտոնենք էսպես խնդագին,
Եվ թող իմանա բովանդակ երկիր —
Ապրում է անմեռ հայությունը հին,
Ապրում են անմահ իրեն գիրքն ու գիր:
1913

Կարդալ ամբողջությամբ

«Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն…»

Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն,
Ու նրանց միջում հավիտյան սիրուն
Կյանքը՝ հարաշարժ հոսանք է վարար…
Նորանոր ուժեր ճնշում են իրար,
Ելնում են թափով,
Իջնում տագնապով
Ու կենդան, կայտառ,
Միշտ նոր ձևի մեջ,
Անդուլ, անդադար
Հոսում են անվերջ…
Էն լայն հոսանքի, մեծ աղմուկի տակ
Հավիտյան անշարժ, համր ու անգիտակ,
Անտարբեր էն տաք, եռուն պայքարին,
Անցնող օրերին, ապրող աշխարհին՝
Հզորն ու տկար
Ընդմիշտ հավասար,
Անխտիր հալվում
Մեծ հանգըստի մեջ,
Հալվում են, ձուլվում,
Հանգչում են անվերջ…
1907

Կարդալ ամբողջությամբ

Խորհրդավոր մեռելը

Ուր որ կանգնում, նըստում եմ ես,
Ամենուրեք, անմեկին,
Աչքիս առջև դըրած է միշտ
Մի լուռ դագաղ թանկագին:

Օ՛, մի՜ հարցնեք՝ էն դագաղում
Ո՜ւմն է դալուկ էն դիակ,
Կամ թե ինչո՛ւ ես չեմ թաղում
Նըրան ընդմիշտ հողի տակ:

Ոչ, չեմ կարող ես հավատալ,
Թե մեռած է նա հավետ,
Թե նա գընաց, էլ ետ չի գալ,
Թե նա չըկա էլ ինձ հետ…

Եվ ուր կանգնում, նըստում եմ ես՝
Նա մի՛շտ աչքիս առաջին…
Ու երբ խոսում, ժըպտում եմ ձեզ՝
Ըսպասում է իմ հոգին…

Ըսպասում եմ ամեն վայրկյան,
Թե ուր որ է՝ հիմի նա
Պիտի շընչի ու մանկական
Իր աչքերը ինձ բանա…
1902

Կարդալ ամբողջությամբ

Մանկություն

Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
Հաճախ, մանկության, խռոված հոգուս
Ներկայանում ես ինչպես առավոտ:

Եվ մանկան նման արտասվում եմ ես,
Երբ այս օրերում, չարությամբ լցված,
Քեզ, սուրբ մանկության, հիշում եմ ինչպես
Երազի տեսիլք անհետ չըքացած:

Ինչպես արևի ճաճանչը վերջին
Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
Այնպես շողացիր և անցար կրկին,
Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար:

Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
Դառնալ քո գիրկը… ա՜խ, ի՞նչ եմ ասում,
Այդ անհնար է. — արդեն հանդերձյալ
Կյանքի ճամփան է իմ առջև բացվում:

Բայց մինչև այնտեղ, սոսկալի՛ ուղի,
Ահա բռնություն, պատիվ անարգած,
Ահա հառաչանք, արտասուք աղի,
Ահա սև նախանձ և սեր սակարկած…

Կըմեռնեմ և ես այս ցավերի տակ
Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ:

Մի տխրատեսիլ գուցե գերեզման
Անցվորականից խնդրե մի բերան
Ողորմի ասել… ո՞վ գիտե, և այն
Կըլինի՞ արդյոք, կընայե՞ն նորան…
1889

Կարդալ ամբողջությամբ

Երանություն էր խոստացել

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ:

Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին:

Կարճատև՛ ցնորք, որ անցար արագ,
Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրե մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին:

Դուն անցար, այո, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,
Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով:

Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա
Զազիր գործերին կանգնած խնկարկու.

Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց:

Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի:

Ահա, խնդության ձայներ են թնդում,
Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատահսաները մարդկային ազգի:

— Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր,
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.
Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար է. սակայն, ո՞վ գիտի,

Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն:
Ձեզ հավիտենական կարծում եք գերի:

Խեղճե՛ր, նայեցե՜ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին:

Երանություն էր խոստացել հույսս ինձ.
Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ:

Հառա՛ջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,
Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան:

1889

Կարդալ ամբողջությամբ