ծաղիկ tagged posts

Ես ասացի…

.

Ես ասացի. — դու ծաղկում ես,
Որպես շըքեղ մի գարուն,
Եվ բոլո՛րը, ինչ որ ունես,
Կյանք է թովիչ ու սիրուն…
Միայն, ափսո՜ս, սիրտդ է մեռած,
Մենակ նա է չոր քեզնում…
Նա հառաչեց և ինձ ասաց.
— Մենակ սիրտս չես տեսնում:
Նոյեմբերի 5, 1894

Կարդալ ամբողջությամբ

Նոր տարի

Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր — գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես.
Նորեկ տարի,
Մի խոտ, մի բույս
Ո՜չ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ.
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի:
1894

Կարդալ ամբողջությամբ

Ինձ մի՜ խընդրիր

Ինձ մի՜ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կըխորտակվի քո հոգին…
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք:

Ես երգեցի սարի վըրա,
Ու չորացան խոտ ու վարդ.
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՛, ամայի անապատ…
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում:

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար…
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր:
Մարտ, 1892

Կարդալ ամբողջությամբ