մայր tagged posts

Օրորոցագող

.

(ժողովրդական առասպել)
Կես գիշերին մութ խրճիթում
Մայրը լսեց մի խորդյուն,
Եվ վեր թռավ ահը սըրտում,
Նայեց քնած յուր որդուն:
Մի արարած սև ու խավար
Նա նըկատեց սըրտադող,
Եվ ճանաչեց սարսափահար՝
Օրորոցի մի չար գող,
Որ զավակի բուկը բռնած
Խեղդում էր սև ճանկերում,
Եվ երեխան աչքերը բաց
Չարչարվում էր ու հևում:
Խելակորույս իսկույն ևեթ
Վրա թռավ կատաղի,
Եվ բռնվեցան իրարու հետ
Օրրանի մոտ երեխի:
Կես գիշերին մութ խըրճիթում
Կիսակենդան մանուկին
Իրարից խլել են աշխատում
Ծնող մայրն ու չար ոգին:
Կռիվ են տալիս. նախատում են,
Եվ կըրծում են և թըքում,
Իրար սեղմում և խեղդում են,
Ճանկռում, ծեծում, ապտակում:
Եվ մայրական անհուն սերը
Ուժ էր տալիս գերբնական…
Եվ ուժասպառ, հաղթված չարը
Թողեց օրրանը մանկան:
1893

Կարդալ ամբողջությամբ

Այդ ի՛նչ սրտամաշ տխրություն է քեզ Պատել

Այդ ի՛նչ սրտամաշ տխրություն է քեզ
Պատել, հայրենի գեղեցիկ աշխարհ.
Մինչև ե՞րբ պիտի չարչարվես այդպես
Տառապանքներով, առանց մխիթար…

Իմ հայրենիքս տխուր է, տխուր…
Ուր աչք եմ դարձնում՝ տխուր ավերակ,
Ամեն տեղ միայն, միայն ցավալուր
Հեծության ձայներ, երկչոտ աղաղակ:

Թե երկրագործն է հորովել կանչում,
Թե մայրը որդուն օրորք է ասում,
Թե հովիվն իրան սրինգը հնչում,
Մի հուսակտուր հառաչ եմ լսում:

Աշխարհից, մարդուց հույսերը կտրած
Գանգատվում է նա և ցավից տնքում,
Կյանքիցը զզված, սակայն դեռ չապրած,
Հանգիստ է խնդրում հեռո՛ւ, երկնքում…

Մի՞թե տրտմության թախիծըն այդպես
Խեղդեց նրա մեջ ապրելու հույսը.
Մի՞թե այլևս նա չէ երգելու
Իրան պապերի երգած խրախույսը:

Մինչև ե՞րբ պիտի մարդիկ կատաղի
Արցունքովն հայի կերածը թրջեն,
Եվ երկա՞ր պիտի մեռելաթաղի
Տաղերով ագահ ցերբերներ շրջեն…

Մի՞թե դեռևս անսիրտ հագարը
Այն ավերակաց վերա պիտ իշխե,
Անարգե, պղծե մեր սուրբ տաճարը,
Անարժաններին շնորհներ բաշխե…

Եվ չարագուշակ մտքերով հուզված
Քաշվում, մտնում եմ մի խաղաղ անկյուն.
Եվ երկար անշարժ ու խորասուզված
Հածում եմ նրա ցավերում անհուն:

Ավելի խորը, ավելի հեռու
Միտքս ինձ առնում, թռցնում, տանում է.
Թռչում է հանկարծ մի ծանր հառաչանք,
Եվ սիրտս կարծես հանգստանում է:
1890

Կարդալ ամբողջությամբ