Tumanyan tagged posts

«Պողոս-Պետրոս»

.

Վաղո՛ւց, երբ մոտ էր երկրին երկինքը,
Ու լըսում էր դեռ մարդկանց տերն-ինքը,
Էն լավ ժամանակ երկու մանուկներ
Ունեին մի չար, մի անսիրտ խորթ մեր:
— Կորե՜ք, գընացեք, աշխատանք արեք,
Աշխատանք արեք ու եկեք կերեք.
Ի՞նչ եք վեր թափել անգործ ու անբան,
Հասած տըղերք եք հինգ-վեց տարեկան…
Էսպես բարկացավ մի օր խորթ մերը,
Ճիպոտներ տըվավ, ղըրկեց հորթերը:
Անհանգիստ հորթե՛ր, ամառվան շոգ օր
Կետ արին, փախան, ընկան սար ու ձոր:
Նըրանց ետևից՝ լալով, հևալով,
Փոքրիկ որբերը՝ քարեքար գալով,
Վազ էին տալիս անտաոի միջում,
Վազ էին տալիս ու իրար կանչում.
— Պողո՜ս, գտա ՞ր:
— Չէ՛է՛:
— Պետրո՜ս, գտա ՞ր:
— Չէ՛է՛:
— Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՜ւյ,
— Վա՛յ-վա՛յ, վու՛յ-վո՛ւյ…
Շատ որ ման եկան՝ խեղճերն հոգնեցին,
Եկան՝ խորթ մորը լալով պատմեցին.
— Նա՜նի, ա՜յ նանի, կորան հորթերը…
— Վա՛յ, գետինն անցնեք,— ճըչաց խորթ մեր
Թող դուք կորչեիք հորթերի տեղակ,
Անտակ ձորի մեջ, անժաժ քարի տակ:
Մի արջ պատահեր, մի գազան, մի գել,
Որ չէի տեսել ձեր շուքը մեկ էլ…
Դե՜, ետ գընացեք, գընացեք, կորե՜ք,
Մինչև չըգըտնեք հորթերը բերեք՝
Աչքիս չերևաք, ա՜յ աչքիս փըշեր,
Թե չէ՝ կըսպանեմ ես ձեզ էս գիշեր…
Ու ճիպոտն էլ ետ իրենց թաթերին,
Հոգնած ու սոված, արցունքն այտերին,
Փոքրիկ որբերը՝ անտառի միջում
Գիշերվան կիսին լալիս են, կանչում.
— Պողո՜ս, գըտա ՞ր:
— Չէ՛ է՛:
— Պետրո՜ս, գըտա ՞ր:
— Չէ ՛է ՛:
— Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՛ւյ,
— Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՛ւյ:
Անտեր հորթերը չըկան ու չըկան:
Ճարները կըտրած՝ խեղճերը եկան,
Լալով չոքեցին.
— Տե՛ր աստված, ասին,
Ի՞նչ կըլնի, գըթաս՝
Գոնե թևեր տաս,
Թևեր տաս՝ թըռչենք,
Թըռչենք ու կորչենք,
Որ էլ չտեսնի մեզ մեր խորթ մերը.
Մինչև որ գըտնենք կորած հորթերը…
Հենց ասին-չասին անմեղ բերանով,
Աստված որոտաց իր գըթոտ ձայնով.
— Ահա ձեզ թևե՛ր, սիրուն երեխե՛ք,
Թըռչուններ դառեք. թըռած ման եկեք,
Որ էլ չըտեսնի ձեզ ձեր խորթ մերը,
Մինչև որ գըտնեք կորած հորթերը:
Գիշերը քնեցե՜ք ծառերի ճյուղին,
Ծեղն ու ծղոտը արեք անկողին,
Ապրուստ էլ կերեք իմ լի սեղանից,
Երբ որ դադարգուն եղաք ձեր տանից…
Էսպես վերևից հենց կանչեց աստված,
Փոքրիկ որբերը փոխվեցին հանկարծ
Ու թևեր առան,
Թըռչուններ դառան:
Ու թևեր առած՝
Թըռչուններ դառած
Դեռ մինչև էսօր.
Ընկած սար ու ձոր,
Ծըվում են, մընչում,
Մեկմեկու կանչում.
―Պողո՜ս, գըտա ՞ր:
―Չէ՛է՛:
―Պետրո՜ս, գըտա ՞ր:
―Չէ՛է՛:
―Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՛ւյ:
―Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՛ւյ:
1898

Կարդալ ամբողջությամբ

Երկինք ու երկիր

Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև՝ մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտեր, սար ու ձոր,
Անտառներ, ծովեր… և սիրահարվեց:
Երկիրը թմրած, տխուր, ցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով.
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով…
Եվ պինդ սիրեցին էսպես իրարու
Իրարից բաժան, իրարից հեռու
Երկինք ու երկիր…
Բայց ե՞րբ է սերը արգելք հարցընում.
Հենց որ գալիս է գիշերը հասնում,
Երկինքն աստղազարդ, անհամբեր, ագահ,
Իր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վըրա,
Մինչև լույս նայում ու չի կշտանում:
Եվ աստղ-աչքերը վառ-վառ ցոլանում,
Ընկնում են երկրի կրծքերը ջրային,
Որ փրփրում են, ուռչում, բարձրանում,
Ճգնում են հասնել վեր՝ սիրահարին:
Եվ սիրող երկինքն ավելի վառված,
Գիշերվա բոլոր զուգսով զարդարված,
Փռում է իրեն բոլոր փառքերը,
Իր բոլոր տենչերն, այրվող կրքերը,
Վառվում, բորբոքվում,
Փարում է, գըգվում…
Եվ երբ չի հասնում իր անհաս սերին,
Լուռ-լուռ ճպում է ցոլուն աչքերին,
Ցոլուն աչքերից գիշերվա մթնում
Երկրի երեսին ցողեր են ընկնում,—
Մարգարիտ ցողեր՝ արցունք երկնային…
Իսկ էդ ժամանակ երկիր-սիրուհին
Հազար շրթունքով սարերի ծերից
Համբույր է տալիս թխպոտ ամպերին,
Անհուն ծովերից, անթիվ ծովերից
Հազար կրծքերով ձգտում է յարին:
Տանջվում է ուժգին, վառվում է սերը,
Հուզվում են. փրփրում նըրա ջրերը,
Սակայն չեն հասնում քնքուշ փափագին,
Ծանըր տնքում են, հեծում մոլեգին…
Ամպերի տակից,
Իր մթին գահից
Բոլորը տեսնում լուսինը անքուն
Եվ բանաստեղծին պատմում է թաքուն,
Թե ինչպես ծովը գիշերվա մթնում
Ուռցնում է իրեն կուրծքը տարփալի,
Երկինքը հազար աչքերով ժպտում
Եվ գաղտնի սիրո համբույր է տալի.
Եվ իրար համար երգեր են ասում,
Իրար փայփայում, գգվում, արտասվում,
Ինչպես կենդանի, զգայուն մարդիկ…
Եվ բանաստեղծը տխրում է սաստիկ,
Նախանձում է նա, թե ինչո՞ւ չունի
Ինքն էլ էն տեսակ մի վեհ սիրուհի:
1898

Կարդալ ամբողջությամբ

Հայրենիքիս հետ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց՝ կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՜վ գյուղերից, և՜ շեներից՝ տըխո՛ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՛ծ հայրենիք,
Զըրկվա՛ծ հայրենիք:

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՛ հայրենիք,
Որբի՛ հայրենիք:

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՛ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ.
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին —
Հույսի՛ հայրենիք,
Լույսի՛ հայրենիք:

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՛ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՛ր հայրենիք,
Հըզո՛ր հայրենիք…
Փետրվար.

1915

Կարդալ ամբողջությամբ

Դեպի անհունը

1
Հընչում է փըրփրուն վըտակն արծաթի,
Արևը խաղում պայծառ կապույտում…
Առանց հոգսերի ու առանց վըշտի
Խաղում էինք մենք էն երազ հովտում,
Ու թընդում էր հեշտ ծիծաղն ինձ ծաղրող.
-Չե´ս կարող, չէ´, չե´ս կարող…

Չէի կարենում բըռնել ես նըրան:
Ճերմակին տալով` ծառերի ետև
Ծածկվում էր նա աչքես անգուման,
Կըրկին հայտնըվում ճապուկ ու թեթև,
Ու թընդում էր միշտ ծիծաղը ծաղրող.
-Չե´ս կարող, չէ´, չե´ս կարող…
Մին էլ ես ճարպիկ մի շարժում արի,
Բըռնեցի նըրան: Հանկարծ նա ճըչաց,
Ձեռքումըս դառավ ճերմակ աղավնի,
Ու թևին արավ, ու թըռա´վ, գընա´ց.
Գընա՜ց ճախրելով էն երազ հովտում,
Սուզվեց, չըքացավ պայծառ կապույտում…
2
Վեր թըռա քընից, դուրսը նայեցի.
Արևը ուրախ զարկել էր սարին,
Բնությունն անհոգ, թարմ ու նազելի
Զուգվում էր, ժըպտում մանուկ արևին:
Գիշերն անցել էր.բայց իր ետևից
Մըռայլ էր թողել դեռ ցած հովիտում:
Էդպես տակավին անցած երազից
Խավար մի բան կար նըստած իր սըրտում:
Թեկուզ երազին չես էլ հավատում,
Բայց օտար տեղում, քո տանից հեռու,
Սիրտըդ մի համառ կասկած է մըտնում,
Թե` մի մահագույժ սև բոթ է գալու…
Հասմիկն երազում աղավնի դառավ,
Աղավնի դառավ` իմ ձեռքից թըռավ…
Լոկ երա՞զ էր այս: Բայց երազն ի՞նչ է:
Երազ, թե իրոք- այդ միթե մի՞ն չէ,
Երազն էլ երբ որ կարող է կանչել`
Կարող է հուզել, խընդացնել, տանջել…
Հասմիկն ապրում էր-Հասմիկը մեռավ…
Երազը եկավ-երազը թըռավ…
Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք,
Երկուսն էլ անցվոր, երկուսն էլ պատրանք:
Եվ թե հաստատուն մի բան կա անմահ,
Արդյոք իմաստուն հոգին չի՞ միայն նա,
Որ թե հարթըմնի և թե երազում
Ապրում է, տեսնում, ըզգում ու հուզվում…
Ու…գիր է գալիս ահա իմ տանից,
Թե` կինըս հիվանդ-ըսպասում է ինձ…
3
Տու՜ն, տու՜ն, դեպի տուն
Թըռչում եմ արթուն,
Ինչպես երազում:
Շուրջըս ամեն բան
Ըշտապ ինձ նըման,
Անցնում է, վազում:

Շըշմած գըլխիս մեջ
Գալիս են անվերջ
Ու ճընշում իրար
Զանազան դեպքեր,
Հուշեր ու մըտքեր,
Պայծառ ու խավար…

Տեսնում եմ նըրան`
Կանգնած է գարնան
Շողերի միջին,
Ու ժըպտում է ինձ
Իր պատուհանից`
Ծաղիկը լանջին…

Տեսնում եմ մեռած,
Ծաղկով զարդարած,
Դըրած դագաղում.
Տըխրալի մի օր,
Արտասուք, սըգվոր,
Սևեր ու թաղում…

Տու՜ն, տու՜ն, դեպի տուն.
Ու մյուս իրիկուն
Մեր տան դեմ ելա:
Մի սև-սև զանգված`
Կուտակված, կանգնած
Մեր դըռանն ահա…

Պըտույտ է գալիս
Աշխարքը գըլխիս,
Երկինքը մըթնում…
Ողջ կանգնած են լուռ,
Ու ներսից տըխուր
Ձայներ են թընդում…
4
«Հասմի´կ ջա՜ն, եկա՜վ… դե վեր կա՜ց… վեր կա՜ց…»
Դուրս հոսեց դեմըս տըրտում ու հոգնած
Նըրա մոր ողբը…խունկի ծըխի տակ
Աչքովըս ընկավ դագաղը ճերմակ,
Ու շուրջըս մըթնեց: Տեղըս կորցըրի…
Մարդից, արևից, աշխարքից հեռի,
Մի անտակ ձորում, սև՜ ու խոր ջըրում
Տարվում էի ես, խեղդվում, չարչարվում.
Բարձր էին ափերն, ողորկ ու դըժար,
Մի թուփ չըկար գեթ բըռնելու համար,
Չըկար կենդանի ձե՜ն, ըստվե՜ր, նըշա՜ն,
Որ կարենայի կանչել օգնության…
5
Հա´, հա´, հա´, հա´, հա´, զըվարթ քըրքիջով
Մի ծիծաղ անցավ փողոցի միջով:
Ես ուշքի եկա, աչքըս բաց արի,
Տեսա աշխարքը ու լույսն արևի,
Տեսա` նըստոտած մարդիկ շըշընջում,
Անտարբեր` թեքված իրար ականջում
Խոսում են ուրիշ բաների վըրա,
Ու ոմանք ժըպտու՜մ, ժըպտում աշկարա…
Իսկ կողքիս նըստած ալևոր մի մարդ
Խրատում էր ինձ միալար, հանդարտ.
-Մի´ լար, սիրելի´ս, երեխա չես դու,
Ինչքան էլ որ լաս-իզուր ես լալու.
Քո ձենը երբեք էլ չի լըսիլ նա,
Ոչ կհասկանա, ոչ էլ ետ կըգա:
Էսպես կամեցավ Աստված, երևի,
Որ նըրա օրը շուտով խավարի…
Մենք հողեղեններս` անճար ու չընչին,
Ի՜նչ ենք Աստուծո կամքի առաջին…
Բաց է էս ճամփեն ամենքիս համար.
Ծեր, երիտասարդ, մեղավոր, արդար,-
Ամե՜նք, ամենք, էստեղ ինչ որ կան,
Էսօր թե էգուց ամենքը կերթան.
Ով որ կըմընա,
Թող նա պարծենա:
6
Ես լըսում էի… Ու հանկարծ ես էլ
Ուզեցի հաշտվել հըզոր մահի հետ.
Անճար, ակամա սկսա մըտածել,
Թե մահը լավ է, միայն մենք` տգետ,
Մենք խեղճ, կարճամին, ու չենք հասկանում`
Ինչպես է գալիս և ուր է տանում,
Թե` և´ կյանք , և´ մահ-անցավոր, ունայն
Մի մեծ հավերժի ձևերն են միայն,
Ինչպես որ ահա «երեկն» ու «էսօր»:
Էսօրն ինչ է որ,- մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կըդառնա,
Եվ սակայն կըրկին միևնույն է նա:
Եվ էսպես անվերջ էսօր ու երեկ
Փոփոխվում են միայն, միշտ մընում է մեկ-
Մեկ մեծ ժամանակ: Էսպես էլ հոգին
Փոփոխվում է միայն կեղևն արտաքին-
Մարմինն` էսօրվան օրին նըմանակ,
Իսկ ինքը անվերջ, ինչպես ժամանակ:
Կամ ևս սիրուն,-հոսանուտ մի գետ,
Որ հազար ալիք ու ծըփկանք ունի.
Գալիս են ալիք, ուր ամեն մի կաթ
Ապրում է դարձյալ անվերջ, անընդհատ…
Էսպես փոխելով հեսում է, գընում,
Գընո՜ւմ անհունի անճառ սահմանում,
Դեպի գերազանց վիճակն երջանիկ,
Ակն երջանկության, սիրո հայրենիք,
Ուր չըկան մարդիկ և ոչ ըզգացում,
Ուր ողջին մի մեծ կյանք է միացնում…
Եվ ի՜նչ է սիրո իմաստը վերին,
Ի՜նչ երջանկության խորհուրդը խորին,-
Հալվե՜լ, միանա՜լ,
Իրեն մոռանալ…

Եվ անշուշտ մի օր, հանդերձյալ կյանքում,
Երկրում թե այլուր, վերև` երկընքում,
Էն անհայտ ճամփով, որով նա գընաց,
Ես էլ կըթըռչեմ, աշխարքը թողած,
Ու կըղգամ նըրան, կապրեմ նըրա հետ
Մի ուրիշ անվե՜րջ կյանքով երկնավետ…
7
Բայց ես միշտ թաքուն մի հույս ունեի,
Թե կարող էր նա լինել… կենդանի…
Մի տեղ մի անգամ էսպես է եղել.
Տարել են մեկին, ուզել են թաղել,
Շիրմի փոսի մեջ զարթնել է հանկարծ,
Կարող էր և մեզ լինել պատահած…

1894թ.

Կարդալ ամբողջությամբ

Երանություն էր խոստացել

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ:

Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին:

Կարճատև՛ ցնորք, որ անցար արագ,
Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրե մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին:

Դուն անցար, այո, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,
Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով:

Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա
Զազիր գործերին կանգնած խնկարկու.

Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց:

Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի:

Ահա, խնդության ձայներ են թնդում,
Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատահսաները մարդկային ազգի:

— Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր,
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.
Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար է. սակայն, ո՞վ գիտի,

Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն:
Ձեզ հավիտենական կարծում եք գերի:

Խեղճե՛ր, նայեցե՜ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին:

Երանություն էր խոստացել հույսս ինձ.
Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ:

Հառա՛ջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,
Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան:

1889

Կարդալ ամբողջությամբ